Հունիսի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում հայտարարվեց «Արարատբանկի» արժեկտրոնային պարտատոմսերի 9-րդ թողարկման մասին: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԱՐՈՅԱՆԸ նախ ներկայացրեց շուկայում նկատվող միտումները՝ որոշ ընկերություններ, բանկեր ավելի մեծ ուշադրություն են դարձնում կապիտալի շուկային, մասնավորապես՝ կորպորատիվ պարտատոմսերին: Պատճառը, ըստ Կոնստանտին Սարոյանի, տոկոսադրույքների ավելի մեծ գրավչությունն է ավանդներից: Նա օրինակ բերեց «Արարատբանկի» պարտատոմսերի նախորդ թողարկումը, որի կուպոնը 8 % էր, ժամանակի ընթացքում եկամտաբերությունն իջավ 7,3-ի, որ բանկային լեզվով նշանակում է հետաքրքրության և պահանջարկի աճ, ներդրողների մեծացող վստահություն: «ՈՒրախալի է, որ «Արարատբանկը» կանգ չի առնում մեկ-երկու թողարկման վրա, այլ շարունակում է պարտատոմսերի թողարկումը: Կարծում եմ՝ այս միտումը կպահպանվի, և մենք ավելի շատ թողարկումներ կտեսնենք շուկայում: Այս ընթացքով տոկոսադրույքները, հատկապես դոլարայինը, կնվազեն, ուստի ինչքան շուտ ներդրողները պարտատոմսեր գնեն, այնքան շահած դուրս կգան: Իմ մեսիջն է՝ ակտիվ լինել և պահը չկորցնել, մասնավորապես՝ «Արարատբանկի» պարտատոմսերը գնելիս»՝ խոսքն ամփոփեց Կոնստանտին Սարոյանը:
«Արարատբանկի» գործադիր տնօրենի առաջին տեղակալ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ պարտատոմսերի նոր թողարկումն անվանեց «լավ նորություն», որ շարունակում է բանկի լավ ավանդույթը: Ներկայացնելով պարտատոմսերի 2007-ից սկսված թողարկումների արդյունքները` նա նշեց, որ «Արարատբանկն» արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է, և հաշվի առնելով նախորդ թողարկումների ժամանակ դրսևորված պահանջարկը` այս անգամ ևս առաջարկում է դոլարային պարտատոմսեր: Բանկի թողարկած պարտատոմսերով 2014-ին կատարվել է 188 գործարք 500 մլն դրամ ծավալով: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հիմնական խոչընդոտը պարտատոմսերի շուկայում բնակչության բանկային գրագիտության պակասն է. շատ հաճախ մարդիկ չեն պատկերացնում՝ ինչ է պարտատոմսը, ավանդների նկատմամբ ինչ առավելություններ ունի, այնուամենայնիվ, ժամանակն աշխատում է հօգուտ պարտատոմսերի շուկայի: Նա ևս կոչ արեց ակտիվ մասնակցել առաջնային ու երկրորդային շուկայում պարտատոմսերի առքուվաճառքին: Անդրադառնալով նոր պարտատոմսերին՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ թողարկվել է 80000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 7,25 տոկոս տարեկան տոկոսադրույքով, 3 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է հունիսի 15-ից մինչև հունիսի 26-ը` բաժանորդագրության միջոցով: Պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի արտարժութային պարտատոմսերով առքուվաճառք իրականացնելուց բացի, կնքել ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ։ Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Թողարկման անդերռայթերը կլինի ինքը` թողարկողը, իսկ մարկետմեյքերը` «Ռենեսա» ներդրումային ընկերությունը: Պարտատոմսերի 2-րդ տեղաբաշխումը կմեկնարկի 2015-ի հուլիսի 27-ին և կավարտվի 2018-ի հունիսի 26-ին: Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել այս տարվա հունիսի 15-26-ին, բանկի գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում, իսկ հուլիսի 27-ից մինչև 2018 թվականի հունիսի 26-ը` երկրորդային շուկայում: Պարտատոմսերը կթույլատրվեն նաև ռեպո-գործարքների եզրակացությանը:
Պարտատոմսերից ներգրավված միջոցները երաշխավորում է ավանդների ապահովագրության հիմնադրամը: Պարտատոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բացել անձնական հաշիվ, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից ստանալ «հաշվի օպերատորի» կարգավիճակ: Պարտատոմսերի 9-րդ թողարկումից ստացված միջոցները կուղղվեն տնտեսության վարկավորմանը, հիմնականում` ՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանը:
Բորսայական տվյալներով՝ կորպորատիվ պարտատոմսերի կապիտալիզացիայի բացարձակ մեծությամբ, շուկայում ունեցած մասնաբաժնով «Արարատբանկը» 2-րդ տեղում է, 2015-ի մարտի 31-ին ունենալով 14,1 մլրդ դրամ կամ 14, 7 % ցուցանիշ:
2007-ին «Արարատբանկը» կորպորատիվ պարտատոմսերի շուկա մտավ 250 մլն դրամ ծավալով: Առաջին թողարկման տարեկան եկամտաբերությունը կազմեց 8 %, շրջանառության ժամկետը` 1 տարի: Երկրորդ թողարկման ծավալը կազմեց 400 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 9 %, շրջանառության ժամկետը` 1,5 տարի: Երրորդ թողարկման ծավալը կազմեց 250 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 10 %, շրջանառության ժամկետը` 1,5 տարի: Չորրորդ թողարկման ծավալը` 250 մլն դրամ, եկամտաբերությունը` 12 %: Հինգերորդ թողարկումն արտարժույթով էր (2012 թ.), որի ծավալը կազմեց 1 մլն դոլար, եկամտաբերությունը` 9 %: Վեցերորդ թողարկումը (2013) բանկը թողարկեց արտարժույթով, 1 մլն դոլար ծավալով, 3 տարի ժամկետով, եկամտաբերությունը` 8,5 %: Յոթերորդ անգամ (2013) թողարկվեցին 400 մլն դրամ ծավալով պարտատոմսեր, շրջանառության ժամկետը` 3 տարի, տարեկան եկամտաբերությունը` 13 %: ՈՒթերորդ թողարկումն արտարժութային էր, ծավալը` 1 մլն դոլար, շրջանառության ժամկետը` 4 տարի, եկամտաբերությունը` 8 %: Հիմա բորսայում շրջանառվում են «Արարատբանկի» հինգերորդ, վեցերորդ և ութերորդ արտարժութային թողարկումների և յոթերորդ դրամային թողարկման պարտատոմսերը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իբրև տեղեկանք
«Արարատբանկի» ակտիվները 2014-ին աճել են 10,8 % -ով և կազմել 138,8 մլրդ դրամ: Ակտիվների կառուցվածքում արժեթղթերին ուղղված միջոցները կազմել են մոտ 11 % կամ ավելի քան 15 մլրդ դրամ, տարեկան աճը` 16 %: 2014-ին տարեկան աճ է արձանագրվել նաև բանկի պարտավորությունների գծով՝ 10,8 %, մինչև 117 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալի չափով - 11 %, մինչև 21,8 մլրդ դրամ: Բանկի զուտ շահույթը 2014-ի վերջին կազմել է 2,9 մլրդ դրամ, տարեկան անկումը` 4,4 %: 2014-ի արդյունքներով բանկի ROA-ն և ROE-ն կազմել են 2,35 % և 14,18 %: «Արարատբանկը» Հայաստանի բանկերի առաջատար հնգյակում է: Ապրիլի 1-ին բանկի ակտիվները կազմել են 132,3 մլրդ դրամ, տարեկան աճը` 0,4 %: Դրանց կառուցվածքում արժեթղթերին ուղղված ներդրումները 2015-ի I եռամսյակում կազմել են 13 % կամ 17 մլրդ դրամ, տարեկան աճը` 30 %, որի 12 % աճը ձեռք է բերվել եռամսյակային կտրվածքով: Բանկի պարտավորությունները 2015-ի ապրիլի 1-ին կազմել են 110,5 մլրդ դրամ, տարեկան անկումը` 0,6 %, իսկ ընդհանուր կապիտալը` 21,8 մլրդ դրամ, տարեկան աճը` 6 %: 2015-ի I եռամսյակը բանկը եզրափակել է 405,7 մլն դրամ զուտ շահույթով, տարեկան անկումը` 63,2 %, իսկ եռամսյակային աճը` գրեթե 2 անգամ: ROA և ROE ցուցանիշներով բանկը 2015-ի առաջին եռամսյակում գտնվել է լավագույն տասնյակում, ցուցադրելով 1,19 % և 7,72 % արդյունքներ:
«Արարատբանկի» մեծամասնական բաժնետերերն են «Ֆլեշ» ընկերությունը - 64,24 %, ՎԶԵԲ-ը - 25 %+1 բաժնետոմս և բելգիական Rural Impulse Fund II-ը - 10 %: